Հրավառության հետեւանքով այրվածքներ ստացած հայրն ու որդին գնացել էին ազգականի տարեդարձին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Թարջումանյաններից հարազատներից:
Նրանք գնացել էին հոր քրոջ տարեդարձին, որի ժամանակ բակում երեխաները որոշել էին հրավառություն անել:
«Վառեցին սալյուտները ու չիմացանք՝ ինչ եղավ, միանգամից կրակ բռնկվեց, լուցկին գցել է երեխան ու միանգամից կրակ է բռնկվել, թե հիմա կողքն է եղել ինչ-որ մի բան, թե սալյուտի բոցերն են ընկել ինչ-որ բանի վրա, չիմացանք ինչ եղավ, չգիտենք, տեսանք, որ Գեւորգին այրվում է,վերնաշապիկից կրակը բարձրանում է դեմքին, հայրը սկսեց երեխային հանգեցնել, այրվել է հոր ձեռքերը եւ երեխայի դեմքը»,- պատմեց տարեդարձին ներկա ազգականը:
Նրանք ենթադրում են, որ հնարավոր է կողքը բենզինի շիշ եղած լինի, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ կարող է լինել: «Այնքան ակնթարթային է եղել, որ չենք կարողացել ֆիքսել՝ ինչից կարող է լինել: Երեխան գիտակցություն ուներ, չէր էլ պատկերացնում՝ ինչ է եղել»,- ասաց նա:
Ազգականները այնքան են նեղսրտել միջադեպից, որ մտադիր են այլեւս ոչ հրավառություն անել, ոչ էլ ծնունդ նշել:
Հիշեցնենք, որ հայր ու որդի Գագիկ եւ Գեւորգի Թարջումանյանները «Այրվածքների եւ Ճառագայթային բժշկության» կենտրոն էին տեղափոխվել հոկտեմբերի 1-ին: 35-ամյա հայրը՝ Գագիկ Թարջումանյանը, մեկ օր անց դուրս է գրվել, նրա մոտ առկա էին ջերմային այրվածքներ, 1,2,3-րդ աստիճանի այրվածքներ՝ դեմքի, զույգ դաստակների շրջանում: Իսկ 8-ամյա որդին գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա այրվածքները խորն են, հետեւաբար բժիշկները չեն կարող ասել՝ երբ դուրս կգրվի: Երեխայի մոտ նույնպես առկա են դեմքի ջերմային այրվածքներ, 1,2,3-րդ աստիճանի այրվածք՝ աջ ուսագոտու, բազկի, ձախ սրունքի շրջանում:





























