Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծ օգուտ կբերի Հայաստանին, ամբողջ տարածաշրջանին ու աշխարհին: Այս մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությունը հիմնական թեմա է Հայաստանի քաղաքական կյանքում: Տրամանաբանական է, որ այդ կարեւորագույն հարցն անդրադառնում է երիտասարդների կյանքի վրա: Ես համոզված եմ, որ հակամարտության կարգավորումը մեծ օգուտ կբերի ձեր երկրին, տարածաշրջանին եւ կնպաստի ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը»,-ընդգծել է դեսպանը:

Դիվանագետի խոսքով՝ Գերմանիան շահագրգռված է, որպեսզի թույլ չտրվի հակամարտության էսկալացիա եւ խնդրի լուծումը գտնվի: «Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: Կարծում եմ, որ խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված լավագույն քայլը նոր կառուցվածք ստեղծելը չէ, այլ աջակցելգոյություն ունեցողին, որը լավագույնս տեղյակ է իրավիճակից եւ փորձ ունի: Հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավորվի հնարավորինս շուտ»,-ընդգծել է դեսպանը: