Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը լիովին համամիտ չէ երկրում ԵՄ-ի քաղաքականության ձախողման վերաբերյալ կարծիքին:
Հոկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք ԵՄ-ի քաղաքականությունը Հայաստանում անվանել տապալված, դիվանագետը հայտնել է. «Չգիտեմ՝ կարելի է արդյոք դա տապալում անվանել: Կյանքում հաճախ է լինում, որ ինչ որ բան ես ուզում, իսկ դա տեղի չի ունենում, կամ այլ բան է տեղի ունենում»:
Դեսպանը հիշեցրել է, որ կյանքում ամեն մեկն էլ նման պահեր ունենում է: Նման բան տեղի է ունենում նաեւ քաղաքականության մեջ: «Անձնական կյանքում մենք նպատակի ենք հասնում, փորձում ենք այլ ուղիներ օգտագործել, եթե չի ստացվել: Եվ տվյալ դեպքում մենք եզրագծին չենք հասել: Սա վերջը չէ: Մենք նշել ենք, որ կա անհամատեղելիություն, սակայն սա վերջը չի: Կարելի է այլ հարցեր քննարկել», - ընդգծել է դեսպանը:
Հիշեցնենք, որ խոսքը Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու մասին է, որին անդամակցելը հակասում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում նախապատրաստված ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ փաստաթղթին:





























