ՄՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ընտրության հանրաքվեի անցկացման նպատակով Ուկրաինայի քաղաքացիների ստորագրահավաքը սկսվում է հոկտեմբերի 10-ին: Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է Ուկրաինայի Կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն՝ Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ նրա՝ դրա համար ՈՒԿԿ-ն օրենսդրական եւ տեխնիկական հիմք է նախապատրաստել՝ երկրի բոլոր մարզերում կազմակերպչական հանձնաժողովներ ստեղծելով:
Նա նաեւ պաշտոնական վիճակագրություն է մեջբերել, որի համաձայն՝ ներկայումս Ուկրաինայի քաղաքացիների 61%-ը կողմ են համապատասխան հանրաքվե անցկացնելուն, հայտնում է «ForUm»-ը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Կոմկուսը եւ «Ուկրաինական ընտրություն» հասարակական շարժումն արդեն երկու անգամ ժողով են անցկացրել Մաքսային միություն Ուկրաինայի մուտք գործելու վերաբերյալ հանրաքվեի կազմակերպման հարցով, եւ Կիեւի շրջանային վարչական դատարանը երկու անգամ արգելել է կազմակերպել եւ անցկացնել նման ժողովներ:
Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը ապօրինի է համարում նման միջոցառումները: Ըստ նրա՝ քանի դեռ կան հավաքներն անցկացնելու մասին արգելող դատական վճիռներ, դրանք իրավական հետեւանքներ չեն ունենա:





























