ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում, հոկտեմբերի 4-ին կմեկնարկի «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչեւ մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը հրավիրվել է ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի  տոնակատարության ծրագրի շրջանակներում։

Գիտաժողովը,  որի աշխատանքները կտեւեն երկու օր, անցկացվում է տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի հովանու ներքո։ Որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալիս  Արցախի պետական համալսարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (Բելգիա), Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա) եւ քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։

Հրավիրված են եւ զեկուցումներով  հանդես կգան անվանի գիտնականներ ինչպես Արցախից, նույնպես եւ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից Բելգիայից, Հունաստանից, Կիպրոսից, Լիբանանից, աշխարհի այլ երկրներից։ Քննարկումները նախատեսված են երեք բաժանմունքներում՝  «Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքները: Գյուլիստանի պայմանագրի նշանակությունը», «Ազգային- ազատագրական պայքարի նորագույն փուլ՝ Ղարաբաղյան շարժում (տեսական ու գործնական hիմնահարցեր)» եւ «Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ գլոբալ եւ տարածաշրջանային քաղաքականության համատեքստում»։

Միջոցառման ավարտին նախատեսվում է նաեւ «կլոր սեղան»՝  «Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով։

Ընդհանուր առմամբ, համաձայն գիտաժողովի ծրագրի, կհնչի  33 զեկուցում։ Զեկուցումները կհնչեն հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով՝ համաժամանակյա թարգմանությամբ։  Բացի հիմնական զեկուցողներից՝ քննարկումներին կմասնակցեն նաեւ միջոցառմանը տարբեր երկրներից հատուկ հրավիրված պատվավոր հյուրերը, ԼՂՀ պետական, քաղաքական, հանրային ու գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ։

Գիտաժողովի աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է նրա մասնակիցների այցելություն Արցախի տեսարժան վայրեր։

Գիտաժողովի ընթացքին կարելի է հետևել  ԼՂՀ ԱԳՆ-ի պաշտոնական էջերում`  Facebook  սոցիալական ցանցում՝ https://www.facebook.com/MFANKR եւ Twitter միկրոբլոգերի ծառայությունում՝ https://twitter.com/mfankr #Karabakhmovement25  հեշթեգով։