Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատ մանրամասն եւ ամբողջական գնահատական տվեց Հայաստանի կողմից վարվող ներքին եւ արտաքին քաղաքականությանը. Նրա ելույթը պետք է որակել կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ ելույթ, որովհետեւ որեւէ սենսացիոն հայտարարություն չեղավ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարության եւ ազատության արժեքների ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն ու զարգացմանը մեր երկրում: Հետեւաբար ՀՀԿ-ն եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանում անշրջելի է ժողովրդավարության զարգացումը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ Հայաստանը նաեւ խորացնելու է հարաբերությունները Ռուսաստանի, նաեւ եվրոպացի գործընկերների հետ:
Ինչ վերաբերում է Վիլնյուսի գագաթաժողովին, ՀՀԿ մամուլի քարտուղարը եւս մեկ անգամ նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հաստատում են, որ պատրաստակամ են նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, որովհետեւ ասոցացման համաձայնագրի մեխը քաղաքական բարեփոխումներն են: «Եվրոպայի հետ համագործակցության հարցում ոչ թե վերջակետ, այլ ստորակետ է դրվել»,-ասաց նա:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի Արցախին վերաբերող մասին, Շարմազանովն ասաց, որ ՀՀ նախագահը հանդես եկավ ոչ միայն Հայաստանի, այլեւ որպես համահայկական առաջնորդ: «Մեջբերելով մեծն մտավորական Սոս Սարգսյանի խոսքերը փաստորեն յուրաքանչյուրի համար պարզ էր ինչ է նշանակում սուրբ հայրենիք: Բացի այդ, եւս մեկ անգամ նշվեց, որ Ղարաբաղի հարցում մենք միակողմանի զիջումների գնալ չենք կարող եւ ԼՂ-ի անկախությունն ու անվտանգությունը կոմպրոմիսի առարկա լինել չեն կարող»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:





























