Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունով նախատեսվում է  զգալիորեն ավելացնել ոլորտի ֆինանսական միջոցների ծավալները, ինչը կարող է իրականություն դառնալ միայն կտրուկ քայլերի ձեռնարկման պայմաններում: Ի՞նչ հնարավոր տարբերակներ կան ռազմավարությունով նախանշված նպատակներին հասնելու համար, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

Պարոն Հարությունյան, գիտության զարգացման ռազմավարության համաձայն մինչեւ 2020 թվականը գիտության ֆինանսավորումը Հայաստանում պիտի մոտենա միջին եվրոպական չափանիշներին, իսկ դա ՀՆԱ-ի մոտ երկու տոկոսն է։ Հիմա Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0,25 տոկոսը, եւ առաջիկա երկու տարում կտրուկ աճ չի նախատեսվում։ Ի՞նչ պիտի անի կառավարությունն իր իսկ ռազմավարությունը կատարելու համար։

Իհարկե լավ կլինի, եթե նպաստավոր պայմաններ ստեղծվեն, եւ մեր բյուջեն ավելանա։ Սակայն երբ խոսվում է ՀՆԱ-ի տոկոսների մասին, պետք չէ հասկանալ միայն պետական բյուջեն։ Մեր պետական քաղաքականության կարեւորագույն բաղադրամասը այսօր պետք է լինի այն, որ մենք սկսենք մասնավորի հետ շատ լուրջ աշխատել, որպեսզի մեր ձեռնարկատերերը հասկանան, որ ավելի լավ է տեխնոլոգիան պատվիրել տեղական գիտնականներին, քան գնել դրսից, եւ որ պետք է զարգացնել տնտեսության գիտատար բաղադրիչը: Հնարավոր է, որ վերջինս դեռեւս հնարավորություն չունի ապահովելու ներդրված գումարների արագ վերադարձ, սակայն այն տնտեսապես ավելի ձեռնատու է ռազմավարական իմաստով` երկարաժամկետ ժամանակահատվածի համար:  Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զարգացած երկրներում գիտության եւ մշակումների վրա ծախսվող ֆինանսների գերակշիռ մասը տնտեսության մասնավոր հատվածի ներդրումն է: Այսպես, Ֆինլանդիայում, որի օրինակը շատ ուսանելի է, 2008-2011 թվականերին գիտության եւ մշակումների ոլորտի ֆինասավորման ծավալները կազմում եին ՀՆԱ-ի մոտ 3% եւ այդ ծախսերի 66-70% տնտեսության մասնավոր հատվածի ներդրումներ եին, իսկ բյուջետային հատկացումները կազմում եին 25-30%:  Ես հիմա 100% չեմ կարող ասել, որ 2020 թվականին մենք դրան կհասնենք, բայց ասել, որ հնարավոր չէ, նույնպես իրավունք չունեմ ։

Բայց Ֆինլանդիան զարգացած տեխնոլոգիաների երկիր է...

Իհարկե Ֆինլանդիան զարգացած տեխնոլոգիական երկիր է, բայց  այդպիսին դառնալու համար Ֆինլանդիան անցել է երկար ճանապարհ եւ ամենակարեւորը` նպատակն իրականություն դարձնելու գործում զուգակցվել են եւ կառավարության, եւ տնտեսության, այդ թվում նաեւ մասնավոր հատվածի եւ ընդհանրապես հասարակության ջանքերը: Եվ այդ անցած «ճանապարհի» ամենակարեւոր արդյունքն այն է, որ հասարակության մեջ ստեղծվել է նոր միջավայր ու մարդկանց մոտ ձեւավորվել են նոր մոտեցումներ, այսինքն` ստեղծարար միջավայր եւ ստեղծագործ մոտեցումներ: Այդպիսի արդյունք առկա է ոչ միայն Ֆինլանդիայի, այլ նաեւ մյուս զարգացած երկրների դեպքում, երբ տնտեսության ու հասարակության զարգացման հիմքում դրվում է ոչ թե պարզ վերարտադրությունը, այլ բարձր տեխնոլոգիաները, դրանց զարգացումն ու ներդրումը տնտեսության մեջ: Այդպիսի միջավայրի ձեւավորման իմաստով շատ կարեւոր է հաջողված օրինակների առկայությունը: Ինչքան հաջողված է օրինակը, այնքան մեծ է նրա ազդեցությունը:

Ես հավատացած եմ, որ եթե մեր հանրապետութունում իրականացվեն մի քանի խոշորամասշտաբ, համակարգաստեղծ ծրագրեր, որոնք ազդեցություն կունենան մի քանի ոլորտների վրա կամ կապահովեն դրանց զարգացումը, ապա ազդեցությունը տնտեսության զարգացման վրա կլինի զգալի եւ ամենակարեւորը` կարվեն առաջին քայլերը հասարակության մեջ ստեղծարար միջավայրի ձեւավորման ուղղությամբ: Այդ իմաստով ՀՀ կառավարությունը ներկայումս իրականացնում է երկու մեգածրագիր` ՔԵՆԴԼ նախագիծը եւ Ռադիոնուկլիդների արտադրության ծրագիրը` Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա: Ես հավատացած եմ, որ այդ ծրագրերի իրականացումը փուլային անցում են նշանակում, դրանք ապահովելու են թռիչքային զարգացում ոչ միայն իրենց մասնագիտական ուղղություններում, այլ նաեւ հարակից ոլորտներում` այդ ծրագրերը տալու են նույն էֆեկտը, ինչ որ «Նոկիան» տվեց Ֆինլանդիային: Դրանք վերջնական արդյունքում նպաստելու են նաեւ գիտության ոլորտում տնտեսության մասնավոր հատվածի ներդրումների զգալի աճին: Եվ երրորդ ծրագիրը, որը դեռեւս մշակման փուլում է, դա Հայաստանում Տեխնոլոգիական հետազոտական համալսարանի ստեղծման ծրագիրն է: 

Պետության հաջողությունները գիտության ոլորտում մեծապես պայմանավորված են պետություն-մասնավոր փոխգործակցության մակարդակով`ինչքան մասնավորից ներդրումները շատ են, այնքան գիտությունը լավ վիճակում է։ Վերջերս մենք  տնտեսության մասնավոր հատվածի հետ համաֆինասավորման սկզբունքով իրականացրել ենք համատեղ ծրագիր` հայտարարվել էր մրցույթ, որին կարող էին մասնակցել առնվազն 25% արտաբյուջետային ֆինսավորում ունեցող հայտեր:  Մրցույթին մասնակցում են 32 նախագիծ, ընդ որում` կան նախագծեր, որտեղ արպես համաֆինասավորող կողմ հանդես է գալիս արտասահմանյան կազմակերպություն:  

Մեր երկրում գիտությունը եւ կրթությունը հայտարարված է ռազմավարական ոլորտ. պետությունը շրջափակման մեջ է, ռեսուրսները քիչ են, սակայն ունենք որակյալ մարդկային ռեսուրս, ուրեմն պետք է տնտեսությունը գիտատար լինի։ Սա ակնհայտ է։ Հայաստանը պարտավոր է առաջիկա տասը տարում անցնել  գիտատար տնտեսության, եւ ես, որպես պրոֆեսիոնալ, պարտավոր եմ գտնել մեխանիզմներ, մեթոդներ այդ որոշումն իրականացնելու համար: Այս առումով շատ կարեւոր է անձի խնդիրը: Ինձ թվում է, հասարակության ուշադրության կենտրոնում առաջին հերթին պետք է լինի մասնագետների խնդիրը։ Մեր տնտեսությունը պետք է հիմնված լինի պրոֆեսիոնալիզմի վրա։  

Քանի որ խոսեցիք հետազոտական համալսարանի մասին, կասեք, ի՞նչ փուլում է այդ գաղափարի իրագործումը, ինչ նոր քայլեր են արվել։

2014 թվականի բյուջեում մենք արդեն նախատեսել ենք գումարներ հետազոտական համալսարանի ստեղծման կադրային եւ սխեմատիկ մոտեցումները ներկայացնելու համար։ Ենթադրվում են այցեր բազմաթիվ ճանաչված հետազոտական համալսարաններ, փորձի փոխանակում, ստեղծվելու է կրթության եւ գիտության ոլորտի լուրջ պրոֆեսիոնալներից բաղկացած թիմ, եւ այդ թիմը մեկ տարվա ընթացքում կմշակի  պիլոտային ծրագիր, կորոշի, ինչ ֆակուլտետներ պետք է լինեն այդ համալսարանում, ինչ ծրագրերով է լինելու ուսուցումը, ինչ տիպի ընկերություններ, ինչ ինստիտուտներ կարելի է ներգրավել։ Շուտով հետազոտական համալսարանի վերաբերյալ կլինի քննարկում բուհերի ռեկտորների մասնակցությամբ, հետո այդ ամենը կներկայացվի ՀՀ վարչապետին, եւ կընդունվի կառավարության համապատասխան որոշում։ Հույս ունենք, որ 2016-17 թթ. համալսարանն արդեն կսկսի գործել։

Այդ նպատակով գումարներ ներգրավելու համար  հնարավո՞ր է օգտագործվի հանգանակության գաղափարը։ Օրինակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները այս անգամ ուղղվեն ոչ թե շինարարութուն, որն իհարկե կարեւոր է, այլ գիտության եւ կրթության ոլորտ, որը շատ ավելի կարեոր համահայկական խնդիր է։ Նաեւ այդպիսի հանգանակությունը մեծ հնչեղություն կտա այդ համալսարանի գաղափարին։

Մենք կօգտվենք տարբեր եւ բոլոր հնարավոր աղբյուրներից, այդ թվում, ինչու չէ, կարելի է օգտագործել նաեւ այս գաղափարը։ Վատ գաղափար չէ, եւ ես դա հաշվի կառնեմ։ Հանգանակությունների միջոցով սփյուռքի հնարավորություններն օգտագործելն, իհարկե, լավ գաղափար է, բայց մենք պետք է կարողանանք սփյուռքին եւ այլ կենտրոններին ապացուցել, որ ծրագիրը լավն է, եւ նրա հաջող ավարտի հավանակությունը շատ մեծ է։ Եվ միայն այդ ժամանակ կարելի է գումար ակնկալել։ Մենք հավակնում ենք ունենալ տարածաշրջանային նշանակության հետազոտական համալսարան, որովհետեւ, թող անհամեստ չհնչի, այս տարածաշրջանում որակյալ մարդկային ռեսուրսների տեսանկյունից մենք էապես առանձնանում ենք մյուս երկրներից։

Պարոն Հարությունյան, գիտպետկոմը հրապարակել է 100 ակտիվ աշխատող գիտնականների ցուցակը, որոնք հավելյալգումար կստանան։ Ինչպես է կազմվել ցուցակը, եղե՞լ են արդյոք դժգոհություններ։ Ես գիտեմ, օրինակ, որ եղել են մարդիկ, ովքեր չեն իմացել այդ մրցույթի մասին։

Տեղեկատվության այսօրվա պայմաններում, երբ գոյություն ունի համացանց, բջջային հեռախոս, ասել, որ ինչ որ մարդիկ չեն իմացել, դա ծիծաղելի է։ Իսկ եթե մարդկանց տեղեկատվություն ստանալու այդ միջոցները հասու չեն, նրանք չէին էլ կարող մտնել  այդ ցուցակի մեջ։ Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվել է մեր կայքում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, մրցույթի մասին բազմիցս հայտարարվել է անձամբ իմ կողմից։

Ես նկատի ունեմ, մի գուցե ինստիտուտների ղեկավարները ինչ-որ ձեւով պիտի տեղեկացնեին աշխատողներին...

Դա կոնկրետ անձանց մեղավորությունն է: Շաբաթը առնվազն մեկ անգամ կարող են այցելել կոմիտեի կայք, կամ գոնե բաժանորդագրվեն մեր կայքում: Կոմիտեի կայքը շատ դինամիկ կայք է, անընդհատ թարմացվում է: Եվ եթե մարդիկ չեն հետեւում  նորություններին եւ հայտարարություններին՝ դա իրենց մեղքն է։

Ինչու՞ ակտիվ աշխատող գիտնականների վերոնշյալ ցանկում եղան ընդամենը 97 հոգի՞, թեեւ հայտարարվել էր 100-ի մասին։

Ես գիտեմ, որ տարբեր վարկածներ են առաջ քաշում: Նույնիսկ խոսում են, որ կոմիտեից երեք հոգի են անցնում այդ ցուցակով: Սակայն մենք հատուկ որոշում կայացրեցինք, որ կոմիտեի աշխատակիցները չեն կարող մասնակցել այս մրցույթին: Եվ քանի որ մենք չենք մասնակցել, ասում են, դրանք մեր տեղերն են թափուր մնացել։ Սա իհարկե եթե կատակ չէ, ուրեմն անհեթեթություն է: Իրականում բոլոր մասնագիտությունների համար սահմանվել է միավորների որոշակի շեմ, եւ այդ շեմը հաղթահարել են 97 մարդ։ Ցավոք սրտի, մինչեւ հրամանը եղավ, հայագետներից մեկը մահացավ։

Այդ ընտրված գիտնականները մեկ տարի կստանան ամսեկան հավելյալ 135 000 դրամ գումար՝ հարկերը ներառյալ, հետո մրցույթը կհայատարարվի նորից։ Ես ձեզ տարիքային կազմը կարող եմ ասել, մեծամասնությունը ընկնում է 55-59, 60-64 եւ 65-69 տարեկանների միջակայքում` համապատասխանաբար 17, 19 եւ 18 հոգի, իսկ ավելի ցածր տարիքային խմբերում, օրինակ`30-34 եւ 35-39 տարեկանների միջակայքում` 2 եւ 4 հոգի:

Եթե գիտության առկա խնդիրները չլինեին, ապա պիկը պիտի ավելի երիտասարդների վրա ընկներ...

Նորմալ կլիներ, եթե մեծամասնություն կազմեին 40-55 տարեկանները: Բայց այն հանգամանքն էլ  է պետք հաշվի առնել, որ եթե 4 տարի առաջ անցկացվեր մրցույթը, ապա մեծամասնությունը կլինեին 70-ից բարձր տարքիային խմբում: Այնպես, որ գիտությունն ահագին երիտասարդացել է։

Եղել են նաեւ դժգոհություններ թեմատիկ ֆինանսավորման մրցույթի արդյունքներից փորձագետների ոչ ճիշտ գնահատման պատճառով...

Այո եղել են, փորձագետներն էլ մարդիկ են, ու սուբյեկտիվ ֆակտորն այստեղ միշտ կա, դա հարյուր տոկոսով վերացնել հնարավոր չէ։ Մենք, իհարկե, աշխատում ենք այնպես անել, որ շահերի բախում հնարավորինս քիչ լինի, օրինակ, որեւէ գիտահետազոտական ինստիտուտի կամ բուհի աշխատակիցների կողմից ներկայացված հայտերը երբեք տվյալ ինստիտուտի կամ բուհի մասնագետների կողմից փորձաքննության չեն ենթարկվել:  Նույնիսկ այս տարի հայտերի ղեկավարներին հնարավորություն էր ընձեռնվել  նշել երեք անցանկալի փորձագետների անունները, ում չեն ուզենա փորձաքննության տալ իրենց աշխատանքը։ Սակայն միեւնույնն է, մեր հանրապետությունը փոքր է, բոլորն  իրար ճանաչում են։ Ես կարծում եմ որ մի քանի մրցույթների անցկացումից  հետո մենք կունենանք առավել անաչառ փորձագետների խումբ, եւ սուբյեկտիվիզմի տոկոսը կպակասի։ Ուզում եմ ավելացնել, որ հիմա մի քանի տարբեր մրցույթներ ենք անցկացնում, եւ եթե ինչ-որ նախագծեր այս թեմատիկ մրցույթով չեն անցել, կարող են անցնել այլ մրցույթներով։

Գիտպետկոմը այս տարի առաջին անգամ անցկացրեց նաեւ գիտական սարքավորումների ձեռքբերման մրցույթ։ Ի՞նչ սարքեր են ձեռք բերվելու, եւ ո՞ր ինստիտուտների համար։

Սարքերը եւ սարքավորումները ձեռք են բերվելու մրցութային կարգով, հատկացվելու է 300 մլն դրամ, յուրաքանչյուր սարքավորման համար 60 մլն դրամ` 150 հազար դոլար։ Մրցույթի հաղթող ճանաչված հայտերից 3-ը վերաբերվում են բնագիտական բնագավառին, 2-ը` հումանիտար: Մոտեցումն այնպիսին է, որ այդ սարքերը մի քանի հիմնարկ պետք է օգտագործի, այսինքն հայտը ներկայացնում է մի կազմակերպություն, մի քանիսն էլ աջակցում են: Նախապատվությունը տվել ենք այն ինստիտուտներին կամ բուհերին, որոնք ավելի շատ համաֆինանսավորում ներկայացրեցին արտաբյուջետային միջոցներից։

Մրցույթի արդյունքում Մատենադարանը ձեռք կբերի  սքանավորման բարձր տեխնոլոգիական համակարգ, որով ժամանակակից տպարանի ստեղծման հիմքը կդրվի: Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը հնագիտական նմուշների քիմիական բաղադրության ուսումնասիրությունների եւ նյութագիտական հետազոտությունների համար  ձեռք կբերի սպեկտրոմետր` հնագիտական նմուշների հավաստի ուսումասիրությունների ժամանակակից լաբորատորիա ստեղծելու նպատակով: Սա ռազմավարական նշանակություն ունի մեզ համար, քանի որ հանրապետությունում բազմաթիվ պեղումներ են արվում, իսկ նմուշները փորձաքննության են ուղարկվում արտասահման: Եվ քանի որ պատմությունը նաեւ քաղականություն է, այստեղ խնդիրներ են ծագում։

Այդ լաբորատորիան կտեղադրվի Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրությունների մեջ ներգրավել /բացի հնագետներից/ նաեւ ֆիզիկոսներին: Մրցույթում հաղթող են ճանաչվել նաեւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի,  ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի եւ Ռադիոֆիզիկայի եւ էլենտրոնիկայի ինստիտուտի հայտերը: Անհրաժեշտ է նշել, որ այդ մրցույթի շրջանակներում ձեռբերված ԲՈԼՈՐ սարքավորումները կլինեն ընդհանուր օգտագործման համար` ում որ պետք լինի, կարող են դիմել եւ օգտվել։

Զրուցեց Անահիտ Սարգսյանը