«Բոլորս ենք ականատես եղել, թե ինչ երկիր եւ տնտեսություն է ժառանգել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ տասը տարի հետո ինչ բնագծի վրա ենք եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը՝ խոսելով նախկին նախագահի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունների մասին։
Նրա խոսքով, այնպես չէ, որ իրենք միշտ պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանին. «Կոալիցիայում եղած տարիներին մենք շատ-շատ հարցերում քննադատել ենք նրան՝ գտնելով, որ այդ տարիներին եւս լուրջ բացթողումներ են եղել»,- նշեց նա՝ բացթողումներից ամենաակնհայտները համարելով օլիգարխիկ համակարգի բյուրեղացումը եւ ստվերային տնտեսության ամրապնդումը։
Ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանը «երկրի ներքին խոհանոցը» իմացող եւ դրան տիրապետող անձերից մեկն է, Ա. Շահբազյանը նկատեց, որ ՀՀ նախկին նախագահը ասելու խոսք ունի. «Վերջին շրջանում կարելի է նկատել, որ նա վերադարձի քայլեր է անում. դրա մասին են վկայում վերջինիս այցելությունները Իրան եւ Ֆրանսիա, որոնք նախորդեցին այդ երկրներ ՀՀ նախագահի այցերին»,- կարծիք հայտնեց ՀՅԴ գործիչը՝ հնարավոր համարելով, որ նմանօրիինակ գործողությունները նախկին եւ ներկա նախագահների համագործակցության մասին են խոսում։
ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ նշեց, որ «ցանկացած փորձառու մարդու ուժերն օգտագործելն օգտակար է»։


























