Հայ ազգային կոնգրեսը չի հավատում հունիս-սեպտեմբեր ամիսներին արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու իր իսկ պահանջին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցոււմ նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը։

Նշելով, որ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին ՀԱԿ-ի կողմից արված հայտարարությունները հասարակական լարվածությունը եւ հանրությանը ոտքի վրա պահելու նապատակն ունեն, Ա. Շահբազյանը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ հասարակական ակտիվություն ընդդիմությունն այդպես էլ չի դրսեւորում. «Ամիսը մեկ անգամ հանրահավաքներ անցկացնելով եւ այլ բան չանելով, իհարկե, իշխանափոխության նպատակ հնարավոր չէ հետապնդել. ամենաշատը երեք հանրահավաքներ էլ կլինեն մինչեւ ամառային արձակուրդները, հետո եւս երեքը աշնանը եւ այսպես շարունակ»,- նշեց նա։

Ամփոփելով՝ ՀՅԴ գործիչը նկատեց, որ ՀԱԿ-ը գնում է հերթական ընտրությունների, բայց ընտրազանգվածին չկորցնելու եւ իրավիճակը տաք պահելու համար իր օրակարգում է պահում արտահերթ համապետական ընտրությունների թեման։

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը իր վերջին հանրահավաքին պահանջ էր ներկայացրել հունիս-սեպտեմբեր ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Հայաստանում։