Հայաստանում մարտի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության փորձի մեկ դեպք, որը բացահայտվել է:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում արձանագրված ավազակային հարձակման 3 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից` 36-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը: Արձանագրված խուլիգանության 6 եւ խարդախության 66 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 64 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 11 եւ ավազակային հարձակման 2 դեպք:

Արձանագրվել է նաեւ հրդեհի բռնկման 1 եւ թունավորման 3 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 45-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: