Երկամյա փոքրիկն ավելի քան մեկ շաբաթ բնակարանում միայնակ է մնացել: Արտակարգը դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում: Ոստիկանները երեխային տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանություն է զանգել բնակելի շենքերից մեկի հսկիչը: Նա պատմել է, որ արդեն մի քանի օր է, ինչ դռան ետեւից երեխայի լացի ձայն է լսվում: Ոստիկանները բացել են բնակարանի դուռն ու հայտնաբերել երկու տարեկան մերկ երեխայի: Բժիշկները, որոնց դեպքի վայր էին կանչել, անմիջապես փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել: Նախնական տվյալներով երեխան բնակարանում միայնակ էր սեպտեմբերի 24-ից, պատմել են ոստիկանությունում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Սենյակում, որտեղ գտնվել է փոքրիկը, պատուհանները բաց էին, գետնին թափթփված իրեր, ամաններ ու տարաներ: Հաշվի առնելով, որ բեւեռային Նորիլսկ քաղաքում արդեն օդի ջերմաստիճանը զրոյից ցածր է, կարող ենք ասել, որ երեխան հրաշքով է փրկվել: Այժմ տղայի կյանքին վտանգ չի սպառնում, ոստիկանությունը փնտրում է նրա մորը:





























