Գերմանիան պնդում է, որ Թուրքիան լիարժեք անդամակցության փոխարեն ԵՄ-ին անդամակցի արտոնյալ հիմունքներով։ Այս մասին, ինչպես հայտնում է worldbulletin-ը, Թուրքիա կատարելիք այցի նախօրեին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունները բարեկամական են, բայց մենք տարբեր հայացքներ ունենք։ Նրա անդամակցության մասին իմ հայացքներն անփոփոխ են մնացել։ Ներգրավման 35 կետերից 27-28-ը կարող են քննարկվել համատեղ, ինչն էլ կօգնի արտոնյալ գործընկերությանը»,- Milliyet-ի հաղորդմամբ նշել է Մերկելը։

Բացի այդ, Մերկելն ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխանի ԵՄ դիրքորոշմանը։

Milliyet-ի տվյալներով, Մերկելը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի Կիպրոսի հարցը եւ կպնդի բացել Կիպրոսի նավահանգիստները։ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նա կքննարկի ԵՄ մաքսային միության մասին համաձայնագրին առնչվող հարցեր։