Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւային:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ՄԱԿ-ի հետ` կարեւորելով համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը:
Անդրադառնալով համագործակցության առաջնահերթ ուղղություններին` փոխադարձաբար կարեւորվել են տարածքների համաչափ զարգացումը, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, բիզնես միջավայրի բարելավումը փոքր եւ միջին բիզնեսի համար մրցակցության հավասար պայմանների ստեղծման եւ հարկային ու մաքսային վարչարարության պարզեցման միջոցով: Առաջնային է համարվել գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ սոցիալական ոլորտի, մասնավորապես՝ աղքատության հաղթահարման, առողջապահական եւ գենդերային հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության ընդլայնումը:
Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը:
ՄԱԿ-ի մշտական համակարգողն ընդգծել է Հայաստանում իրականացված մի շարք ծրագրերի արդյունավետությունը եւ նշել, որ ձեռք բերված փորձառությունը կարող է օգտակար եւ ընդօրինակելի լինել:



























