«Յուրաքանչյուր երկրի նախկին նախագահ իրավունք ունի այս կամ այն կարեւոր իրադարձության վերաբերյալ արտահայտել իր կարծիքը. դա նրա իրավունքն է։ Սակայն կարեւոր է, որ արտահայտված կարծիքը կոռեկտության սահմաններից դուրս չլինի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ներկայիս իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը քննադատող հայտարարությունները։

Նշելով, որ քաղաքականությունը թողնելուց հետո տարաբնույթ հայտարարություններով հանդես են եկել եւ շարունակում են հանդես գալ ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, ԽՍՀՄՙ նախագահ Գորբաչեւը եւ այլոք՝ Է. Շարմազանովը նկատեց, որ ինքը արտառոց որեւէ բան չի տեսնում Ռոբերտ Քոչարյանի՝ կառավարության եւ նրա կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության մասին հայտարարություններում։

Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն, Է. Շարմազանովն ընդգծեց, որ «ինքը չի ներկայացնում ո՛չ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանին»:

«Ինչ վերաբերում է „Բարգավաճ Հայաստան“ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ օրեր առաջ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ապա չեմ կարծում, որ դրանք կապ ունեն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների հետ. ԲՀԿ-ն կոալիցիոն ուժ է եւ կոալիցիոն այլ ուժերի հետ պատասխանատու է կառավարության գործունեության համար»,- ամփոփեց ՀՀԿ մամուլի քարտուղարը։

Նշենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 23-ին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում քննադատել էր ներկայիս կառավարությանը եւ նրա վարած տնտեսական քաղաքականությունը։