ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտայի, ՏԿՆ միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի, ՀՀ արտգործնախարարության պատասխանատուների ուղեկցությամբ, այսօր՝ մարտի 24-ին այցելել է Կոտայքի մարզ, ծանոթացել Քասախ համայնքում բազմաբնակարան սոցիալական տան վերակառուցման աշխատանքների ընթացքին:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համայնքի վարչական տարածքում գտնվող նախկին գործարանի արտադրական մասնաշենքը Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ վերակառուցվում է որպես բազմաբնակարան սոցիալական տուն` փախստականներին, ներքին տեղահանված անձանց բնակարաններով ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ 20 բնակարան ունեցող սոցիալական տունը շահագործման կհանձնվի այս տարվա մայիսին: Բացի այդ, ստեղծվում են նաեւ փախստականների համար գործարարությամբ զբաղվելու հնարավորություններ (կարի արտադրամաս, առեւտրային ձեռնարկություն եւ այլն), կլինի նաեւ համայնքային նշանակության հանդիսասրահ:

Այնուհետեւ Քասախի համայնքապետարանում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների բնակեցման հիմնախնդիրների լուծմանը միջազգային դոնոր հանրության միջոցները ներգրավելու նպատակով աշնանը Երեւանում կազմակերպվելիք համաժողովի նախապատրաստական հարցեր: Կարեւորվել է, որ համաժողովի պոտենցիալ մասնակիցները նախապես իրազեկված լինեն Հայաստանում փախստականների խնդիրներին, նշվեց, որ այս հարցում ակնկալվում է նաեւ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի աջակցությունը:

Ներկայումս շուրջ 1300 առավել կարիքավոր փախստական ընտանիքներ, որոնցից 950-ը` Երեւանում, ընդգրկված են կառավարության կողմից իրականացվող ծրագրերում, եւ նրանց հիմնախնդիների լուծման համար պահանջվում է ավելի քան 45 մլն ԱՄՆ դոլար: