«Նաբուկո» ծրագիրը դեռ միայն մտադրությունների մակարդակում է եւ իզուր չէ, որ նախորդ տարի ապրիլին Եվրամիությունը 200 միլիոն եվրո տրամադրեց այդ ծրագրի ուսումնասիրությունների համար, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանը դադարեցրել է իր բանակցությունները Թուրքիայի հետ՝ գազի մատակարարման հարցով՝ պահանջելով, որ հայ-թուրքական գործընթացը կապվի ԼՂ խնդրի հետ:

«Ես կարծում եմ,որ այդպիսի քայլերը լուրջ դիվիդենտներ չեն բերում Ադրբեջանին: Իհարկե, դա կարող է նյարդայնացնել Թուրքիային, ով ցանկանում է, որ գազն իր տարածքով հասցվի Եվրոպա, բայց ասել, որ դա լուրջ ազդեցություն կթողնի ԵՄ-ի կամ Թուրքիայի վրա, ծիծաղելի է»,- նշեց քաղաքագետը:

«Ադրբեջանը միշտ ներկայացնում է, որ եթե Արեւմուտքն այդպիսի ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար, ապա ինքը կարող է փոխել իր կողմնորոշումը, սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս ենթատեքստում որոշակի մտահոգություններ կարող են առաջանալ Արեւմուտքում, բայց ես կարծում եմ, որ այդտեղ էլ լուրջ մտահոգության առիթ չկա, որովհետեւ Արեւմուտքում էլ են հասկանում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը սերտացնելով Ադրբեջանը շատ ավելի բաներ կկորցնի: Ադրբեջանի այս քայլը կարճաժամկետ արդյունքներ ստանալու համար են նախատեսված, որը լուրջ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ կապված: Արեւմուտքում ամեն ինչ անում են, որ այդ արձանագրությունները վավերացվեն Թուրքիայի խորհրդարանում եւ Ադրբեջանի մանր քայլերը ոչինչ չեն կարող փոխել»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը երեկ հայտարարել էր. «Եթե իրոք տեսանելի նշույլներ ի հայտ գան, որ հայ-թուրքական մերձեցում է տեղի ունենում՝ առանց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի, ապա Բաքվում երկար չեն խորհի: Գուցե իշխանությունները ուղղակիորեն չասեն, բայց կարող են պարզապես խաչ քաշել թե՛ Nabucco ծրագրի իրագործման, թե՛ եվրոպական էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք այլ ծրագրերի վրա»:

Իսկ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն էլ նշել էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները, կապված «Նաբուկո» նախագծով գազի մատակարարումների հետ, դադարեցված են: