ԱՄՆ-ը ողջ աշխարհում դեռ բազմաթիվ հակաահաբեկչական գործողություններ կիրականացնի: Այդ խոսքերով, ինչպես հաղորդում է Al Arabiya-ն, հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նրա խոսքով՝ «օպերացիաները Աֆրիկայում դեռ միայն սկիզբն են»: «Ահաբեկիչները կարող են փախուստի դիմել, բայց մեզանից թաքնվել նրանք չեն կարող»,- մեջբերում է Քերիին Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բանակի զինված ջոկատները հոկտեմբերի 5-ին հատուկ գործողություններ են անցկացրել Սոմալիում եւ Լիբիայում: Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ամերիկացի զինվորների գործողության հետեւանքով ձերբակալվել է «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան անդամ, իսկ Սոմալիում ոչնչացվել է իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորման առաջնորդներից մեկը: Ընդ որում, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Սոմալիի հարավում անցկացվող օպերացիայի ընթացքում չեն հայտնաբերել «Ալ-Քաիդայի» անդամին, ով մասնակից է Քենիայի մայրաքաղաքում առեւտրի կենտրոնի գրավմանը, հայտարարել է Պենտագոնում առկա աղբյուրը: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունում այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել: