Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի 7-ին  աշխատանքն է ստեղծել Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը  (National Crime Agency, NCA): Reuters-ը հայտնում է, որ մամուլում այն անվանում են ամերիկյան ՀԴԲ-ի համարժեքը:

Նոր գերատեսչությունը զբաղվելու է կազմակերպված հանցավորության, կիբերհանցավորության դեմ պայքարով, երկրի սահմանների եւ երեխաների պաշտպանությամբ: Այն համագործակցելու է ոստիկանության հետ: 

NCA-ն ստեղծվել է մի քանի վարչությունների ձուլման ճանապարհով, որոնց ֆինանսավորումը կրճատվելու է 20 տոկոսով, նշում է  BBC News-ը: Գործակալության անձնակազմը բաղկացած է 4500 մարդուց: Կազմակերպությունը գլխավորում է  Քիթ Բրիսթոուն (Keith Bristow), որը մինչ վերջերս զբաղեցնում էր Ուորքշիր կոմսության ոստիկանապետի պաշտոնը, հաղորդում է  Lenta.ru-ն:

Սա Մեծ Բրիտանիայում ՀԴԲ-ի համարժեքը ստեղծելու արդեն երրորդ փորձն է: Նախքան  NCA-ն` Մեծ Բրիտանիայում 2006թ.-ից գործել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալություն (SOCA): 1998թ. գործել է քրեական հանցագործությունների հետախուզման ազգային վարչություն (NCS):