Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը հերքում է ԱՄՆ իրավապահների կողմից իրեն առաջադրված մեղադրանքները: Հիշեցնենք, որ ըստ ամերիկյան Ներգաղթային եւ մաքսային ծառայության պաշտոնյաների` նախկին հյուպատոսը ու եւս 4 հայեր մեղադրվում են վտարման ենթակա էմիգրանտներին կեղծ փաստաթղթեր ու նամակներ վաճառելու մեջ, որոնցում ասված էր, թե Հայաստանը ճամփորդական փաստաթղթեր չի տրամադրելու այդ անձանց: Այդ նամակները խոչընդոտել են, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը էմիգրանտներին ետ ուղարկի Հայաստան:

«Ես անմեղ եմ, եւ եթե մեղավոր լինեի, իհարկե, հիմա դրսում չէի լինի, բանտում կլինեի: Անմեղ եմ, ուղղակի այնտեղ որոշ բաներ պետք է պարզվի, ճշտումներ մտցվի, որովհետեւ դատապաշտպան կա, ինքը կզբաղվի այդ հարցերով», — «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ն. Ղալումյանը: Նա հերքել է տեղեկությունները, թե կեղծ նամակներ է տրամադրել ամերիկյան իշխանություններին, որոնցով, փաստորեն, խոչընդոտվել է հանցագործությունների համար մեղադրվող անձանց վտարումը Հայաստան: «Ինչպես կարող եմ ես կեղծ փաստաթղթեր ձեւակերպել: Եթե կեղծ փաստաթղթեր լինեին, պետք է դրանք ցույց տրվեին: Պետք է իմ անմեղությունը ապացուցեմ, ուրիշ մտադրություն չունեմ: Փաստաբանի միջոցով այդ գործին ընթացք է տրվում, հետո արդեն հետագայում բողոքարկելու համար կտեսնենք»:

Նշենք, որ ԱՄՆ Ներգաղթային եւ մաքսային ծառայության խոսնակ Վիրջինիա Քայսի խոսքերով` այդ խմբի կողմից վաճառվել է շուրջ երկու տասնյակ նամակ, յուրաքանչյուրը` 35 հազար դոլարով, իսկ կեղծ փաստաթղթեր ստացած քաղաքացիների մի մասը մեղադրվում են քրեական հանցագործությունների համար:

Այժմ Ղալումյանին ու մյուսներին սպառնում է 5 տարվա ազատազրկում: Նրանք ձերբակալվել են այս շաբաթվա սկզբին, սակայն ավելի ուշ Ղալումյանին եւ նրա հետ ձերբակալված անձանցից եւս երեքին` բոլորն էլ հյուպատոսության նախկին աշխատակիցներ, գրավով ազատ են արձակել: Ձերբակալվածներից մեկին, ով հյուպատոսության աշխատակից երբեւէ չի հանդիսացել, ազատ չեն արձակել նույնիսկ գրավով: