Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիր չի տեսնում Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ  ասոցացման  համաձայնագրի ստորագրման հարցում: Այս մասին նախագահը հայտարարել է հոկտեմբերի 7-ին՝ Մինսկում Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ հանդիպման ընթացքում:  

Ուկրաինան հայտարարել է եվրաինտեգրման ուղղություն վերցնելու մասին  եւ պատրաստվում է Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրել, որի մասն է համարվում ազատ առեւտրի գոտի ստեղծելը:   Միաժամանակ Ուկրաինային հրավիրում են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միություն եւ նրան արդեն դիտորդի կարգավիճակ են տրամադրել, սակայն Կիեւը հայտարարում է, որ պատրաստ չէ ՄՄ լիարժեք ընդգրկվելուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե անկեղծ խոսենք,  ապա ԵՄ-ի հետ համագործակցելու այդ քայլում ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- հայտարարել է Լուկաշենկոն: Ընդ որում,  նա նշել է, որ ԵՄ մուտք գործելու եւ ՄՄ-ի հետ համագործակցելու Ուկրաինայի խնդիրը խիստ քաղաքականացված է: 

Բելառուսի ղեկավարը կարծում է, որ հետագայում ՄՄ-ի անդամ երկրներին ահրաժշետ կլինի համագործակցելու ուղիներ փնտրել Ուկրաինայի հետ:  «Եթե ՄՄ-ն  բավարարի Ուկրաինայի առաջարկը, մենք կընդառաջենք: Եթե որեւէ մեկի շահերը ոտնահարվեն՝ Ռուսաստանի, Ղազախստանի կամ Բելառուսի, մենք չենք ընդառաջի, կամ էլ որոշ զիջումների կգնանք: Ուկրաինան իրեն ինչպես էլ պահի, Մենք` ՄՄ-ի անդամներս,  միեւնույն է, ստիպված ենք լինելու  հարաբերություններ փնտրել Ուկրաինայի հետ», - ասել է Լուկաշենկոն: Ըստ նրա` կողմերը, միեւնույն է, «ինչ-որ բանաձեւ կգտնեն` միասին լինելու եւ ոչ մի դեպքում չբաժանվելու համար»:

Ազարովն էլ նշել է, որ Ուկրաինան պետք է բավական բարդ ճանապարհ անցնի: «Մենք մեզ վրա մեծ պարտավորություն ենք վերցրել, եւ մենք դա կկատարենք մեզ համար, այլ` ոչ ուրիշի», - ասել է նա: Ըստ նրա` Ուկրաինայի համար շատ կարեւոր է ազատ առեւտրի գոտի ունենալ ԵՄ-ի հետ եւ պակաս կարեւոր չէ մասնակցել մեկ միասնական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին: «Մենք մեկը մյուսին չենք հակադրում, ցանկանում ենք ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Արեւելքում տրամադրվող  հնարավորությունների ներդաշնակ համադրություն գտնել` տնտեսության զարգացման համար», - ասել է Ազարովը: