Ռումինիայի դատախազությունը երկրի փոխվարչապետ Լիվիու Դրագնեային մեղադրում է 2012թ.նախագահի իմպիչմենթի հարցով անցկացված հանրաքվեի տվյալները կեղծելու մեջ, հաղորդում է «Ասոշիեյթիդ Փրեսս» գործակալությունը:
2012թ. հուլիսին Ռումինիայի խորհրդարանը իմպիչմենթ էր հայտնել Տրայան Բեսեսկուին, որն արդեն նախագահական երկրորդ ժամկետն է պաշտոնավարում: Նրան պաշտոնանկ անելուն կողմ էին քվեարկել 432 պատգամավորից 258-ը, դեմ` 114-ը: Ժողովրդական հանրաքվեի ընթացքում նախագահի պաշտոնանկությանը կողմ էր եղել ընտրողների 87%-ը: Սակայն հանրաքվեի արդյունքները անվավեր էին ճանաչվել, քանի որ մասնակցությունը եղել էր 46%, իսկ հանրաքվեն կայացված ճանաչելու համար պետք է մասնակցեր բնակչության առնվազն կեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դրագնեան մեղադրվում է այն բանի համար, որ, լինելով մարզային խորհրդի ղեկավար, բարձրացրել էր իր մարզի մասնակցության հայտերը, որպեսզի հանրաքվեի արդյունքները վավեր ճանաչվեին: Մեղադրանք էր ներկայացվել նաեւ 74 պաշտոնյաների: Գործակալությունը նշում է, որ գործը հանձնվել է դատարան:
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հոկտեմբերի 7-ին հայտնել էր, որ փոխվարչապետի դեմ գործը քաղաքական դրդապատճառներ ունի:





























