Հյուսիսային Կորեայի բանակը մարտական պատրաստականության վիճակի է բերվել`ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ մանեւրների ֆոնին: 

ԿԺԴՀ-ի բոլոր ռազմական ստորաբաժանումները գերագույն հրամանատարությունից հրաման են ստացել «շտապ վերանայել գործողություններն իրականացնելու հաստատված ծրագրերը եւ լիովին պատրաստ լինել հարվածելու ցանկացած պահի` հետեւելով ամերիկացի եւ ճապոնացի սադրիչների ու նրանց խամաճիկների  տեղաշարժերին», ասվում է Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի երկօրյա զորավարժությունները պետք է սկսվեին հոկտեմբերի 8-ին, սակայն հետաձգվել էին անորոշ ժամանակով` սկսված փոթորիկի պատճառով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նախօրեին ԿԺԴՀ-ի իշխանությունները սպառնացել էին առաջինը հարվածել` ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կողմից «ռազմական սադրանքների» դեպքում: