Լիտվայի կառավարությունը պետք է Առեւտրի համաշխարհային կազմակերպություն ներկայացնելու հայց նախապատրաստի՝ Ռուսաստանի գործողությունների հետ կապված, որը խոչընդոտում է լիտվական ապրանքների ներկրմանը։ Այս մասին 15min.lt կայքի հետ հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն։
Ըստ նրա՝ կառավարությունն առայժմ այդ խնդրի լուծման հնարավոր բոլոր միջոցները չի ձեռնարկել եւ այժմ լուրջ փորձության միջով է անցնում։
«Հենց նոր ես տեսա գյուղատնտեսության նախարարի հայտարարությունը: Նա դեռ ասում է, որ պետք չէ դիմել ԱՀԿ, որ ստուգումները մեծ խնդիր չեն: Անկասկած, եթե Լիտվայի կառավարության համար դա խնդիր չէ, ապա կսպասենք էլի ինչ-որ փորձությունների», - ասել է նախագահը: Ըստ նրա` կառավարությունը պետք է ԱՀԿ ներկայացնելու հայց նախապատրաստի եւ անհրաժեշտ ապացույցներ հավաքի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել էր Լիտվայից Ռուսաստան կաթնամթերքի ներկրումը` «սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրությունը (արտադրանքի որակը նորմային չէր համապատասխանում) եւ մարդու սանիտարահամաճարակաբանական բարօրությունը խախտելու համար»:
Ռուսաստանն ամբողջությամբ արգելել է Լիտվայից կաթնամթերքի ներկրումը





























