Մալդիվյան Հանրապետության Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել սեպտեմբերի 7-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: Նոր քվեարկությունը նշանակված է հոկտեմբերի 20-ին:
Առաջին փուլում քվեաթերթիկների 45%-ն ստացել էր նախկին նախագահ Մուհամեդ Նաշիդը: Հաղթելու համար նրան չէր բավականացրել ձայների 5%-ը: Նրա գլխավոր հակառակորդ, Մալդիվների Առաջադիմական կուսակցության անդամ Աբդուլա Յամինը ստացել էր ձայների 25,5%-ը: Երրորդ տեղն էր զբաղեցրել Հանրապետական կուսակցության նախագահ Հասիմ Իբրահիմը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Ընտրությունների երկրորդ փուլը պետք է կայանար սեպտեմբերի 28-ին: Սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվել էր` առաջին փուլի արդյունքները կեղծելու վերաբերյալ Հասիմ Իբրահիմի հայտարարության պատճառով:
Նախորդ տարվա փետրվարին Մալդիվյան Հանրապետությունում բախումներ էին տեղի ունեցել բանակի եւ ոստիկանության միջեւ, որը հրաժարվել էր ենթարկվել նախագահ Մուհամեդ Նաշիդին, քանի որ վերջինս հրամայել էր կալանավորել երկրի Քրեական դատարանի նախագահ Աբդուլ Մուհամեդին, որին մեղադրում էր նախկին նախագահ Մամուն Աբդուլ Գայումի հրահանգները կատարելու համար։ Արդյունքում Նաշիդը ստիպված հրաժարական էր տվել։





























