Պարզվում է, որ ոչ միայն հայ դիվանագետներն են փաստաթղթերի կեղծման մեջ մեղադրվում, այլ նաեւ ԱՄՆ դիվանագետները: Ու եթե երեկ ԱՄՆ իրավապահները փաստաթղթեր կեղծելու ու դրանք վաճառելու մեջ մեղադրել են Լոս Անջելեսում ՀՀ նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանին, ապա նույն ԱՄՆ իրավապահները դեռեւս 2005 թվականին նմանատիպ մեղադրանք են ներկայացրել արդեն իրենց դիվանագետներից մեկին, ընդ որում` ոչ նախկին:

Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 3-ին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը տարածել էր մի հաղորդագրություն, ըստ որի, Դաշնային երդվյալների հանձնախումբը «կաշառակերության և վիզաների կեղծման» մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ հյուպատոսական ծառայության 45-ամյա պաշտոնյա Պյոտր Զվիդլո Պարլեյին, ով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակից է եղել:

Զվիդլո Պարլեյը մեղադրվում էր 2004 թվականի ապրիլից մինչև 2005-ի հունվարը Երևանում տարբեր հանցակիցների հետ միասին «կաշառակերության ու վիզաների կեղծման» մեջ: Հաղորդագրության մեջ մատնանշվում էին առանձին դեպքեր, երբ Պարլեյը 10 հազար դոլարի հասնող կանխիկ կաշառքներ է վերցրել Միացյալ Նահանգներ մուտքի վիզա տրամադրելու համար: Նա անմիջապես ուղարկվել էր ԱՄՆ, ուր նրան սպառնում էր 5-15 տարվա ազատազրկում և յուրաքանչյուր գործի համար մինչեւ 250 հազար դոլար տուգանք: