Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը ապրիլի 6-10 FIDH-ի եւ իր Երևանյան գործընկեր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպության կողմից կազմակերպվող FIDH–ի 37–րդ համագումարի և ֆորումի նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Մեր նպատակն է հրավիրել իշխանությունների ուշադրությունը Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին, ինչպես նաև արդարադատության ոլորտում առկա լուրջ խնդիրներին, որոնք էապես խոչընդոտում են Հայաստանում օրենքի գերակայությանը։ Այս փաստաթղթում (խոսքը մարտի 19-ին հրապարակված „Արդարադատության իրականացումը Հայաստանում“ փաստաթղթի մասին է) մենք հրապարակել ենք կարևոր առաջարկներ և հուսով ենք, որ ֆորումը ազդակ կհանդիսանա առաջնթացի և այդ առաջարկների իրականացման համար։ Մենք հույս ունենք, որ ֆորումը կմեկնարկի Հայաստանում, ուր այլևս չկան քաղբանտարկյալներ։ Մեծագույն կարևորություն ունի նաև այն, որ իրականացվի 2008 թ մարտի 1-2–ին 10 քաղաքացիների սպանության առնչությամբ արժանահավատ և արդյունավետ քննություն: Քաղբանտարկյալներին ազատ արձակելը և նման քննություն իրականացնելը կնշանավորեն այն, որ Հայաստանը գնում է դեպի օրենքի գերակայություն»:

Նկատենք սակայն, որ «Իրավունքի եւ ազատության կենտրոնը» երեկ հրաժարվել է մասնակցել Երեւանում կայանալիք համաժողովին, քանի որ այդ համաժողովում ելույթներ են ունենալու ՀՀ պետական պաշտոնյաներ, իսկ իրավապաշտպաններն անգամ ռեպլիկի հնարավորություն չեն ունենալու եւ չեն կարողանալու ներկայացնել մարտի 1-ից հետո Հայաստանում տեղի ունեցածի պատկերը: Դրանից զատ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը հետ է վերցրել իր ստորագրությունը վերը նշված հայտարարությունից, քանի որ այնտեղ մարտի 1-ի տեղի ունեցածը որակվել է որպես բախում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, այնինչ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի այդ օրը բանակը հանվել է ժողովրդի դեմ, ապօրինի զենք է կիրառվել, եւ սպանվել են 10 քաղաքացիներ: