Ես համաձայն եմ այն բոլոր տեսակետների հետ, որը հայտնում է հարազատ եղբայրս,  նույնիսկ եթե հումորով է ասված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

«Որքան հասկանում եմ, հումորով է հայտնել այդ տեսակետը, դա իր մասնագիտությունն է: Շատ ուրախալի է, որ ուկրաինական հեռուստատեսությունը Հայաստանում այդպիսի մեծ ուշադրությամբ դիտում են, շատ զարմանալի է նաեւ, օրինակ՝ դժվար թե Ուկրաինայում հայկական հեռուստատեսություն դիտող լինի, այդքան բուռն արձագանքեն ամեն ինչին: Կոնտեքստից դուրս մեկնաբանություններին անդրադառնալը, կարծում եմ, տեղին չէ, ամեն դեպքում լավ է, որ Գարիկի գործունեությանը հետեւում են Հայաստանում մեծ ուշադրությամբ: Հենց Շերը բողոքի այդ կարծիքից, անպայման հատուկ հայտարարությամբ հանդես կգամ ԱԺ բարձր ամբիոնից, իմ կարծիքը կարտահայտեմ: Դժվար Շերը իր կարծիքը արտահայտի, որովհետեւ շատ զբաղված կին է»,- ասաց նա՝  հավելելով, որ դեռ անելիք չունի, իսկ իր հավանական հայտարարության բովանդակությունը կախված է Շերի արձագանքից: Այդ «հումորային հայտարարության» հետ կապված պատգամավորը շոումեն եղբոր հետ չի խոսել:

Լեւոն Մարտիրոսյանը չցանկացավ մեկնաբանել եղբոր հասցեին հնչած քննադատությունները՝ ասելով, որ «մեծ թվով պարապ մարդիկ կան,ում մոտ կյանքը այնքան էլ լավ չի ստացվել, նման բաներով են զբաղվում, եւ այդտեղ մեկնաբանելու բան չկա, այդպես է ստացված այդ մարդկանց կյանքը»:

Նշենք, որ Գարիկ Մարտիրոսյանի հայտարարությունն աննախադեպ իրարանցում է առաջացրել: Ռուսական շոումեն Գարիկ Մարտիրոսյանը լեգենդար երգչուհուն դատարկամիտ է անվանել, գրում է Rusinfo-ն:

Գարիկն այդ միտքը հնչեցրել է ուկրաինական «Ինչպես երկու կաթիլ» նախագծում: Նախագծի բնույթը լեգենդար երգիչներին նմանակելն է:

Մասնակիցներից Եվա Բուշմինան հանդես է եկել Շերի կերպարով: Երգչուհու կատարումից հետո Գարիկը գովերգել է նրան եւ վատ արտահայտվել Շերի մասին: Մարտիրոսյանի կարծիքով  Շերն ընդամենը դատարկամիտ երգչուհի է, ով 40 տարվա ընթացքում մեկ ալբոմ է թողարկել եւ ընդամենը մեկ հիթի երգչուհի է, այդ կերպարի տակ ոչինչ չկա: Նա շնորհակալություն է հայտնել Եվային, որ նա կարողացել է այդ դատարկության մեջ իրենից մի մաս մտցնել: Սակայն երգչուհու ռուս եւ ուկրաինացի երկրպագուներն այդ կարծիքը վիրավորական են համարում եւ հեռուստաընկերությունից պահանջում են, որպեսզի Գարիկ Մարտիրոսյանը ներողություն խնդրի Շերից: