Մեկ տարվա ընթացքում «Խոզի գրիպով» կամ А/H1N1/-ով կարող է վարակվել երկրագնդի բնակչության մոտ 1/3-ը: Այս մասին Ժնեւում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Քեյձի Ֆուկուդան: Հաղորդում է «BBC»-ն:
«Նախկին համաճարակների փորձը ցույց է տալիս, որ մեկ տարվա ընթացքում հիվանդանում է բնակչության մոտավորապես մեկ երրորդը կամ ավելին»,- ասել է նա ճապոնական «Կիոդո» գործակալությանը տված հարցազրույցում, հավելելով, որ ավելի հստակ գնահատական տալ այս պահին հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ հունիսին ԱՀԿ-ն առավելագույն՝ 6-րդ, աստիճանի է բարձրացրել «խոզի գրիպով» վարակվելու սպառնալիքը: Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալներով, աշխարհում այդ հիվանդությամբ արդեն վարակվել է 175 785 մարդ, որոնցից 1116-ը մահացել են:




























