Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի շուրջ կատարվող իրադարձությունները, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով, շատ նման են Դեյտոնյան գործընթացին, եւ հայկական կողմին պարտադրում են գնալ լուծման:
Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսին Դավիթ Շահնազարյանը նշեց, որ ներկայումս կարեւոր եւ վտանգավոր զարգացումներ են ընթանում ԼՂՀ շուրջ: «ԼՂ հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ շատ լուրջ համաձայնություն կա, եթե ոչ վերջնական կարգավորման, գոնե առաջիկայում լուրջ տեղաշարժեր կատարելու ուղղությամբ»,- ընդգծեց ՀԱԿ ներկայացուցիչը եւ հավելեց, որ գործընթացում հայկական կողմի համար դրական որեւէ տարր չկա:
Ըստ Շահնազարյանի՝ միայն 4 գործոն կարող են արգելակել ԼՂ հարցի ոչ հայանպաստ կարգավորումը: «Առաջին, որն ամենացանկալին է Հայ Ազգային կոնգրեսի համար, եթե Հայաստանում մոտ ապագայում իշխանափոխություն լինի, արտահերթ ընտրություններ, ու ձեւավորվի ժողովրդի կողմից ընդունված իշխանություն: Եթե ոչ անմիջապես, ապա գոնե հնարավոր կլինի բարելավել հայկական կողմի դիրքերը: Երկրորդ, ինչը քիչ հավանական է, եթե Ռուսաստանը փոխի հարցի կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը»,- նշեց Շահնազարյանը եւ ներկայացրեց 3-րդ գործոնը, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չբավարարվի իր ստացածով եւ ավելին պահանջի: ԼՂ հարցի կարգավորումը կարող է նաեւ արգելակվել ֆորս-մաժորային այնպիսի գլոբալ զարգացումների դեպքում, որ գերտերությունները զբաղված լինեն այլ խնդիրներով:
Եթե հարցի կարգավորումը չարգելակվի, ապա գործընթացը մեծ արագությամբ շարժվում է առաջ, իսկ միջնորդ երկրները զբաղված են վերջնական փաստաթղթի պատրաստմամբ:
Շահնազարյանը նաեւ նկատեց, որ որպես գործոն միտումնավոր չնշեց Սերժ Սարգսյանի անունը, քանի որ վերջինս, լեգիտիմության պակասի հետեւանքով, վաղուց դադարել է գործոն լինել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի



























