ԱՄՆ-ում հայկական «Լոռի» պանրի արգելման պատմությունը նոր շրջադարձ է ստացել: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի մասնավոր լաբորատորիաներից մեկի ղեկավարը,  երկու ընկերություններից մեկը, որոնց արտադրանքը ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղագործության հարցերով ծառայությունը(FDA) արգելել էր, հաջորդ  չափաբաժնի հետազոտման համար դիմել էր իր լաբորատորիա: Եվ ստացել էր բացասական եզրակացություն: Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության հարցերով պետական ծառայության եզրակացությունը, որով էլ ընկերությունը պանիրն ուղարկել էր ԱՄՆ-ը, դրական էր(լաբորատոր եզրակացության գաղտնիության նկատառումներով ընկերության ու լաբորատորիայի անուն չենք նշում):

Երբ սեպտեմբերի 13-ին FDA-ն արգելեց այդ պանրի ներկրումը, Պետական ծառայությունը պարզաբանման մեջ նշել էր, որ պատասխանատու չէ ներկրման հարցում առաջացած խնդիրների համար:

Իհարկե, այստեղ պետք է նշել, որ երկու լաբորատորիաների՝ մասնավոր ու պետական, եզրակացությունը վերաբերում էր միեւնույն ընկերության արտադրանքին: