Շվեդական խորհրդարանը 2011 թ. կարող է երկրորդ անգամ քվեարկություն դնել Հայոց ցեղասպանության բանաձեւը։ Այս մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մարտի 25-ին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը։ «Ճիշտ չէ քաղաքական որոշումներ ընդունել 100 տարի առաջ կատարված իրադարձությունների շուրջ, եւ այսօր պետք է մտածել ոչ թե 1915-ի, այլ 2015-ի մասին, երբ Թուրքիան կարող է դառնալ ԵՄ լիիրավ անդամ»,- կարծում է Բիլդտը։
Նա հույս է հայտնել, որ բանաձեւի ընդունման հետեւանքով բարդացած հարաբերությունները Թուրքիայի հետ շուտով կկարգավորվեն։ Նա հավաստիացրել է, որ Շվեդիան միշտ էլ բարեկամ է եղել Թուրքիային, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը բանաձեւ էր ընդունել Օսմանյան Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանության մասին։ Նմանօրինակ մի փաստաթուղթ շաբաթներ առաջ ընդունել էր նաեւ ԱՄՆԿոնգրեսի ներկայացուցիչների պալատը։ Ի նշան բողոքի՝ Թուրքիան այդ երկու երկրներից հետ էր կանչել իր դեսպաններին։



























