Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը 2-րդ օրը շարունակ ակցիա է իրականացնում՝ գովազդի գինը տասնապատիկ անգամ իջեցնելով, սակայն առ այսօր որեւէ գովազդատու չի դիմել գովազդ տեղադրելու ցանկությամբ:
Ընկերությունը շարունակում է իր նախաձեռնությունների շարքը՝ եւ հայտարարել է, որ ակցիայի շրջանակներում առաջին գովազդատուն հեռուստաընկերության կողմից կստանա մրցանակ՝ 10 օր անվճար գովազդ եւ «Мужское достоинство» տեսակի 1 շիշ օղի:
Հիշեցնենք, որ «Գալան» նախօրեին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ «պետական, ուժային որոշ գերատեսչութունների անմիջական ճնշումների հետեւանքով „ԳԱԼԱ“-ի գովազդատու կազմակերպությունները, սկսած փետրվարի կեսերից, խուսափում են իրենց գովազդները տեղադրել հեռուստաընկերության եթերում»: Մասնավորապես՝ ընդդիմադիր հեռուստաալիքից իրենց գովազդն են հանել 26 կազմակերպություններ, եւ այս պահին մնացել են միայն 3 գովազդատուներ: «Հաշվի առնելով այդ փաստը, հեռուստաընկերությունն այսուհետ աշխատելու է տասնապատիկ իջեցված գներով՝ գովազդի մեկ րոպեի արժեքը սահմանելով խորհրդանշական 960 դրամ»,- ասված էր հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:
«Գալա»-ի դեմ հալածանքները սկսվեցին, երբ հեռուստաալիքն իր եթերում ցուցադրեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան ելույթը:



















