Հայաստանում օրական 3600 մարդ պալիատիվ օգնության կարիք ունի. եթե հաշվի առնենք, որ հիվանդի ընտանիքի անդամներն էլ են շահառու, այս թիվը դառնում է 80-100 հազար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ թերապիայի բաժնի վարիչ Հրանտ Կարապետյանը:
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ակնկալում է, որ հաջորդ տարի վերացրած կլինեն հիվանդների համար թմրամիջոցների հասանելիության բոլոր խոչընդոտները, իսկ ամենաուշը 2015թ.-ի բյուջեով կնախատեսվեն ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն պալիատիվ բուժօգնության ապահովմանը: Հաջորդ տարի ավելի բարելավված կլինի նաեւ պալիատիվ օգնության կենտրոնի եւ բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը:
«Մեր հիմնական մոդելը լինելու է արտահիվանդանոցային օգնությունը մոբիլ թիմերի միջոցով տան պայմաններում»,- ասաց Սուրեն Քրմոյանը: Բացի նրանից, որ հիվանդանոցային օգնությունը շատ ավելի թանկ է, կարեւոր է, որ նման վիճակում գտնվող հիվանդն իր հարազատների հետ շատ ժամանակ անցկացնի:
Հրանտ Կարապետյանի խոսքով՝ բազմաթիվ հիվանդներ ի վիճակի չեն վճարել օրական 20 հազար դրամ եւ օգտվել հիվանդանոցային սպասարկումից: Կարապետյանը կարծում է, որ պալիատիվ բուժօգնությունը պետք է ֆինանսավորեն պետությունը, տարբեր հիմնադրամներ, որպեսզի հիվանդի համար այն լինի անվճար:
«Պալիատիվ բուժօգնությունը նորագույն մեթոդների կիրառումն է ռադիկալ բուժման հնարավորությունը սպառած հիվանդի համար: Սա տխուր, բայց շատ եւ շատ մարդասիրական թեմա է: Հիվանդը իրավունք ունի նորմալ ավարտելու իր կյանքը»,- ասաց Արա Տեր-Գրիգորյանը՝ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է ոլորտը կարգավորող օրինագիծը: Արա Տեր-Գրիգորյանը լավատես է, որ այն երկրորդ ընթերցմամբ մինչեւ տարեվերջ կընդունվի:





























