Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում եւ Էրեբունի փողոցի երկայնքով, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 11։00-ից մեկնարկել են «Էրեբունի-Երեւան 2795»-ի տոնական բազմաբնույթ միջոցառումները։ Մինչ երեկո Երեւանի 12 վարչական շրջանների արվեստի ու երաժշտության դպրոցների սաների եւ մշակույթի տների համույթների կատարմամբ հնչել են ազգագրական եւ, իհարկե, նաեւ Երեւանի մասին երգեր։

Փողոցի երկայնքով՝ 70 գույնզգույն տաղավարներում բազմազան տոնավաճառ էր. Երեւանում գործող արվեստի քոլեջների, դպրոցների, ինչպես նաեւ արհեստագործական ուսումնական հաստատությունների սաների ձեռագործ աշխատանքներն էին ցուցադրվում. տոնակատարությանը մասնակից քաղաքացիները դրանք գնելու հնարավորություն էլ ունեին։ Պատանի ստեղծագործողները, ասում են, ուրախությամբ են ընդունել տոնակատարությանը մասնակցելու առաջարկը, քանի որ, նրանց խոսքով, իրենք այդպիսով մեկտեղում են տոնին մասնակցելու եւ իրենց ստեղծագործությունները ցուցադրելու հանրավորությունները։ Ավագ սերնդի ներկայացուցիչ մասնակիցները, հիշելով առաջին Էրեբունի Երեւան տոնակատարությունները նշել են, որ այսօր իրենք մասնակցում են մի նորօրյա տոնի, որ, վերափոխվելով հանդերձ, պահպանել է տասնամյակների ոգին եւ գնալով ավելի սիրված ու մասսայական է դառնում։

Տաղավարներից մեկում մանկական ներկայացում էր՝ ծաղրածուների մասնակցությամբ։ Ներկաներին զվարճացնում էր նաեւ լարախաղացների խումբը։

 Տոնավաճառում առանձին էր գրքի տաղավարը. այստեղ ներկայացված էին վերջին տարիներին հրատարակված մանկական գրականությունը, ինչպես նաեւ հայ ու արտասահմանյան գրականության երկեր։

Տոնավաճառին մասնակցում էին նաեւ մայրաքաղաքի սիրված պանդոկները, խոհարարական ուսուցման կենտրոնները, ովքեր ազգային կերակուրների ու աղանդերի համտեսի էին հրավիրում տոնին ներկաներին։

 «Էրեբունի-Երեւան 2795»-ի նախատոնն ամփոփելու է «Երեւանում տոն է» խորագրով համերգը։