Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով մայրաքաղաք այցելած քույր եւ գործընկեր քաղաքների պաշտոնական պատվիրակությունների եւ Երեւանի ավագանու անդամների հետ այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածք, որտեղից դեռ առավոտից տրվել էր «Էրեբունի-Երեւան 2795» տոնական միջոցառումների մեկնարկը:
Քաղաքապետը հյուրերի հետ միասին նախ շրջել է Էրեբունի փողոցի գրեթե ողջ երկայնքով, ծանոթացել ներկայացված ժողովրդական արվեստի գործերին, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններին: Տոնախմբության մասնակիցները Երեւանի քաղաքապետին եւ նրան ուղեկցող մայրաքաղաքի հյուրերին սիրով առաջարկել են օգտվել տոնական հյուրասիրությունից, ինչից վերջիններս չեն հրաժարվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է տոնակատարության մասնակիցների հետ, ովքեր, օգտվելով առիթից, գոհունակությամբ իրենց շնորհակալությունն են հայտնել տոնի հրաշալի կազմակերպման եւ այն հիրավի համաժողովրդական տոնախմբության վերածելու համար:
Մայրաքաղաքի հյուրերն այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ ներկա են գտնվել նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կազմակերպված «Երեւանում տոն է» խորագիրը կրող համերգին: Ի դեպ, քաղաքապետի հրապարակ այցելության պահին բուլղարացիների դարպասը խփած գոլով մայրաքաղաքի տոնը յուրովի շնորհավորեցին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:





























