«Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության շրջանակում Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցել են մայրաքաղաքի տոնին, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի միջազգային խորհրդաժողովի մասնակից 17 երկրների Երեւան ժամանած 31 պատվիրակությունների անդամները:

Ողջունելով  հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու եւ Երեւանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար. «Ձեր ներկայությունն արդեն իսկ խոսուն արժեւորումն է մեր հանդեպ ունեցած ձեր  հարգանքի  ու  վստահության, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ: Ավանդույթի համաձայն՝ այս օրերին Երեւանը տոնում է իր ծննդյան տարեդարձը, որը մեզանում իսկական համաժողովրդական տոնախմբության է վերածվում։ Իսկ  ցանկացած  տոն, առավել  եւս  ծննդյան  տոնը, կրկնակի ուրախ ու հիշարժան է դառնում, երբ այն նշվում է լավ բարեկամների, այս պարագայում՝ հենց ձեզ հետ։ Ինձ համար իսկապես հաճելի է արձանագրել, որ Երեւանը բազմաթիվ հաջողություններ է գրանցել նաեւ մեր բարեկամ  ու  գործընկեր քաղաքների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ գործակցության արդյունքում: Վստահ եմ, որ այսուհետ էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն մեր միջեւ առկա բարեկամական ու գործընկերային կապերը եւ«Էրեբունի-Երեւանի» արդեն հաջորդ ծննդյան օրը մենք կդիմավորենք նորանոր ձեռքբերումներով ու գործակցության  նոր  ծրագրերով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետը նաեւ հույս է հայտնել, որ Երեւան ժամանած հյուրերը այս օրերին կհասցնեն վայելել մայրաքաղաքի հիասքանչ գեղեցկությունն ու հմայքը: