Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երեւանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երեւանի քաղաքապետարանում  որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել:

Այս առնչությամբ՝ Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հասարակությանը պատշաճ կերպով իրազեկել հետեւյալի մասին.

1. Վերջին անգամ  ո՞ւմ կողմից, ե՞րբ եւ ի՞նչ նպատակով են իրականացվել  ստուգումներն  այդ դպրոցում,

2. ի՞նչ խախտումներ են արձանագրվել  դպրոցում,

3. ստուգման արդյունքները որտե՞ղ են քննարկվել եւ  վերլուծվել,

4. ո՞ւմ կողմից է ստորագրվել ստուգման ակտը,

5. տնօրենը  ստորագրե՞լ է ակտը,

6. վերջապես ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել տնօրենն աշխատանքից»:

Անահիտ Բախշյանը խնդրել է նաեւ  տրամադրել Երեւանի թ. 66 դպրոցի տնօրենի ազատման հրամանը: