Ե՛վ Աբխազիայում, եւ՛ Օսիայում Վրաստանը սարսափելի սխալներ է թույլ տվել, բայց դա չի նշանակում, որ աբխազներն ու օսերն ամեն ինչում իրավացի էին: Այս մասին «Վրաստանի Հայ համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնին տված հարցազրույցում նշել է Վրաստանի նախագահի թեկնածու, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:

« Ամոթալի չեմ համարի նաեւ ասել, որ, մենք աբխազների եւ օսերի համեմատ, քանակային առավելություն ունենալով, պետք ներողություն հայցենք նրանցից: Սա չի նշանակում, որ աբխազներն ու օսերն ամեն ինչում իրավացի էին: Ո՛չ, չի լինում այնպես, որ կողմերից մեկն ամեն ինչում մեղավոր լինի, իսկ մյուսն իրավացի, բայց եթե դու ունես պատասխանատվության մեծ զգացում` որպես պատվավոր ազգ, մենք պետք է վերլուծենք թույլ տրված սխալները: Թեեւ ես կողմնակից չեմ անընդհատ անցյալ վերադառնալուն, բայց եթե մեկընդմիշտ չհավատացնենք այդ մարդկանց, որ թույլ տրված սխալներն այլեւս երբեք չեն կրկնվի, ապա չի ստացվի վերականգնել այն «վստահության կամուրջները», որոնց մասին միշտ ասել եմ եւ կասեմ»,-հայտարարել է Բուրջանաձեն:

«Պետք է ասել նաեւ, որ պատմությունը շատ դժվար բան է: Օրինակ, այսօր մի հոդված էի կարդում իմ մասին: Գրել էր մի աբխազուհի, որը հիմա ապրում է Ռուսաստանում: Երբ ես ծանոթացա նրա կարճ կենսագրության հետ, պարզ էր, որ նա լուրջ պատմաբան էր լուրջ մտածելակերպով: Հոդվածն առավելագույնս օբյեկտիվ էր, բայց իմ նախադասությանը «Աբխազներ եւ վրացիները միշտ եղել են բարեկամ ժողովուրդներ, մինչեւ մեր փոխհարաբերությունների մեջ չխառնվեց Ռուսաստանի Կայսրությունը» նա պատասխանեց՝ «թող տիկին Բուրջանաձեն ավելի լավ հետ նայի պատմությանը»… Ինչքան էլ խորապես ուսումնասիրեմ  պատմությունը, ես հաստատ գիտեմ, որ վրաց պալատականներն իրենց երեխաներին ուղարկում էին Աբխազիա` դաստիարակություն ստանալու աբխազ ընտանիքներում: Այդքան բարձր էր գնահատվում աբխազ մշակույթն ու հարգված էր աբխազ ազգը: Մենք իսկապես ավանդաբար ունեցել ենք բարեկամական հարաբերություններ: Եղել են տարբեր խնդիրներ, ինչպես սովորաբար լինում է ամեն ընտանիքում, բայց այդ խնդիրները բարդացան միայն երրորդ կողմի շահերի խառնվելուց հետո: Մենք սադրանքին ենթարկվեցինք... այնպես, ինչպես 2008-ին եւ այնպիսի սխալներ թույլ տվեցինք, որ որեւէ մեկին  անկարելի է ներել»,-ընդգծել է նախագահի թեկնածուն: