Հայ-թուրքական արձանագրությունները կամ կարող են նոր բանակցությունների հիմք դառնալ, կամ անհրաժեշտ է դրանք նետել քաղաքական եւ պատմական աղբանոցը: Այս մասին հոկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսում ասել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Ցյուրիխում  Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման  չորրորդ տարին լրանալուն:

«Քաղաքակիրթ հանրությունը քննադատել  է Թուրքիային` արձանագրությունների հետ կապված: Դա թուրք ղեկավարության  բարդույթավորված քաղաքականության հետեւանք էր: Սակայն ոչ միշտ է արդյունքը կարեւոր, երբեմն ավելի էական նշանակություն ունի գործընթացը», - նշել է թուրքագետը՝ բացատրելով, որ Թուրքիան չի կատարել իր պարտականությունները միջազգային հանրության առաջ եւ այդպիսով ձեռք է բերել բացասական հեղինակություն:

Ըստ Ռուբեն Մելքոնյանի` հաշտեցման ողջ գործընթացը ցույց է տվել, որ հայկական կողմի քայլերն ավելի արդարացված էին, եւ որ թուրքական կողմը պատասխանատու չէ իր քայլերի համար: «Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները մի օր  կտեղաշարժվեն սառած կետից: Եվ եթե երբեւէ բանակցություններ սկսվեն, ապա այդ արձանագրությունները կարող են հենակետ ծառայել», - կարծում է թուրքագետը:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի կողմից` 2009թ. հոկտեմբերի 10-ին:  Սակայն նախապայմաններ առաջադրած Թուրքիայի ոչ կառուցողական մոտեցման պատճառով, դրանց վավերացման գործընթացը դադարեցվել է: