Հայաստանը պատրաստ է «քննարկել եւ շտկել Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթերի այն դրույթները, որոնք կհակասեն Մաքսային միությանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Բրյուսելում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Ձեւակերպման հետ համաձայն չեմ, որ մենք շեղվել ենք եվրոպական ուղուց: Մենք եվրոպական արժեքները բարձր ենք գնահատում եւ շարունակելու ենք համագործակցությունը Եվրամիության հետ: Այս վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացնել Հայաստանում Եվրամիության աջակցությամբ: Ուղղակի մեր Մաքսային միությանը միանալը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է մեր շահերից: Որեւէ հակասություններ մենք չենք տեսնում: Ուղղակի այն արձանագրությունները, որ մենք ապագայում պետք է ստորագրենք՝ նոյեմբեր ամսին, եթե կլինեն կետեր, որոնք կհակասեն Մաքսային միությանը, մենք պատրաստ ենք քննարկելու եւ շտկելու»,-ընդգծել է նա:
Հայաստանի խորհրդարանի խոսնակը դեռ հույս ունի, որ նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանը կարող է փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ: Այդ հարցը Աբրահամյանը պատրաստվում է վաղը քննարկել Եվրախորհրդարանում․ «Ես վաղը հանդիպելու եմ պատասխանատուների հետ»:
Հովիկ Աբրահամյանը Բրյուսել է ժամանել՝ մասնակցելու եվրոպահայերի 3֊րդ համագումարին: Համագումարին մասնակցում են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, բազմաթիվ այլ հյուրեր:
Ի պատասխան համագումարում հնչած քննադատությանը՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ՀՀ իշխանություններին քննադատողները «ջուր են լցնում թուրքերի ջրաղացին»:





























