Հայաստանի սոցիալական խնդիրները կարելի է լուծել միայն համախմբված: Լրագրողներին հոկտեմբերի 14-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ կազմակերպության ղեկավարներն արդեն հանդիպել են քաղաքական մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ երկրում իրավիճակի բարելավման իրենց առաջարկները ներկայացրել:

 «Գործող իշխանությունները հավերժ չեն մնալու, նրանք չպետք է ներկայացնեն ժողովրդի: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցելու», – նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչների, ինչպես նաեւ դրա առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ առայժմ չեն հանդիպել:

Ըստ ընդդիմադրի՝ արդեն հանդիպումներ են եղել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի, «Ժառանգության» ներկայացուցիչների, Ազգային-ժողովրադավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ այլոց հետ: Առաջիկայում հանդիպում է նախատեսվում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:

Հարցին՝ մտադիր են արդյոք միանալ արմատական ընդդիմության «Նախախորհրդարան» նախաձեռնությանը, նա պատասխանեց. «Թող «Նախախորհրդարանն» ինքը մեզ միանա: Տեղային մարտերով արդյունքի չես հասնի, պետք է համախմբված գործել»: