Այսօր Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զինվորական շքերթ նախորդվել է միջադեպով: Ոստիկանությունը կրկին խոչընդոտել է լրագրողների աշխատանքը:
Ամեն ինչ սկսվել է Պարոնյանի անվան թատրոնի մերձակայքում, որտեղ կարմիրբերետավորները արգելել են լրագրողների մուտքը Հանրապետության հրապարակ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին կարմիրբերետավորներն անգամ քաշքշել եւ հարվածներ են հասցրել անձամբ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, եւ բառացի ասել են. «Քո մուտքն արգելված է»: Ի դեպ, քաշքշելու պահին ոստիկանների կողքով անցնում էին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որոնք թեքել են գլուխները՝ կատարվածը չտեսնելու համար:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում կայացած շքերթը նվիրված էր Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի



















