Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ իշխանությունների որոշումն իրականում Հայաստանն առավել ավտորիտար դարձնելու եւ սեփական իշխանությունը առավել հեշտ վերատադրելու նպատակ է հետապնդում եւ որեւէ կապ չունի անվտանգության խնդիրների հետ: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ կուսակցության երիտասարդների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով այժմ, երբ Հայաստանը զոհաբերել է իր անվտանգության ապահովման արեւմտյան ուղղությունը, այսինքն խախտել է դիվերսիֆիկացումը, մենք ավելի վտանգված ենք, քան երբեւէ եղել ենք, մանավանդ, որ մենք տեսել ենք, որ Ռուսաստանը, սկսած 90-ականներից, բազմիցս զոհաբերել է իր դաշնակիցներին` սեփական պահեկան շահերի համար:
«Ադրբեջանը գերազանցապես կախված է Արեւմուտքից: Երբ 2011թ.-ին իրական վտանգ էր առաջացել Ադրբեջանի կողմից շփման գծում մեծածավալ սադրանքի իրականացման` նավթային «Բրիթիշ փեթրոլիոմ» ընկերությունը, կրճատելով նավթի արդյունահանումը, հասկացրեց Ալիեւին, որ իրենք թուլ չեն տա տարածաշրջանի ապակայունացում եւ իրենց ներդրումների վտանգում: Միաժամանակ՝ արեւմտյան լրատվամիջոցները հրապարակեցին Ալիեւի ընտանիքի հարստության ու բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ»,-ընդգծել է նա:
Նշվել է նաեւ, որ «Ժառանգության» ծրագրում հստակ նշված է, որ ըստ իրենց Հայաստանը պետք է ձգտի դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Դա չի խանգարի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, եթե դրանք լինեն իրավահավասար եւ փոխադարձ շահերի հանդեպ հարգալից վերաբերմունքի վրա: Մինչդեռ Հայաստանի մուտքը Մաքսային միություն կուսակցությունը դիտում է որպես ինքնիշխանության անընդունելի եւ անհամարժեք զիջում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























