Հայաստանը պատրաստ է «քննարկել եւ շտկել Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթերի այն դրույթները, որոնք կհակասեն Մաքսային միությանը»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 14-ին Բրյուսելում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Ձեւակերպման հետ համաձայն չեմ, որ մենք շեղվել ենք եվրոպական ուղուց», - նշել է Աբրահամյանը՝ շարունակելով․«Մենք եվրոպական արժեքները բարձր ենք գնահատում եւ շարունակելու ենք համագործակցությունը Եվրամիության հետ: Այս վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացնել Հայաստանում Եվրամիության աջակցությամբ: Ուղղակի մեր Մաքսային միությանը միանալը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է մեր շահերից: Որեւէ հակասություններ մենք չենք տեսնում: Ուղղակի այն արձանագրությունները, որ մենք ապագայում պետք է ստորագրենք՝ նոյեմբեր ամսին, եթե կլինեն կետեր, որոնք կհակասեն Մաքսային միությանը, մենք պատրաստ ենք քննարկելու եւ շտկելու»:
Հայաստանի խորհրդարանի նախագահը դեռ հույս ունի, որ նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանը կարող է փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ: Այդ հարցը Աբրահամյանը պատրաստվում է վաղը քննարկել Եվրախորհրդարանում․«Ես վաղը հանդիպելու եմ պատասխանատուների հետ»:
Հովիկ Աբրահամյանը Բրյուսել է ժամանել՝ մասնակցելու եվրոպահայերի 3-րդ համագումարին: Համագումարին մասնակցում են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, բազմաթիվ այլ հյուրեր:
Ի պատասխան համագումարում հնչած քննադատությանը՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ՀՀ իշխանություններին քննադատողները «ջուր են լցնում թուրքերի ջրաղացին»․ - «Անհիմն մեղադրանքներ ներկայացնել Հայաստանի իշխանություններին, չի կարելի․․․ Ես ուզում եմ ասել, որ մենք ունենք պրոբլեմներ․ ունենք արտագաղթ, ունենք կոռուպցիա: Կա, բայց մենք բոլորս պայքարում ենք դրա դեմ: Ուղղակի լոկ դատարկ խոսքերով ասել, որեւէ կոնկրետ ծրագիր չներկայացնել դրա դեմ պայքարելու եւ այսօրվա աշխարհքաղաքական իրողությունների հետ հաշվի չնստել, դա անարդար է: Այսօրվա այդ շրջափակումը, այսօրվա տնտեսական բլոկադան, որ գոյություն ունի անկախությունից ի վեր, այսօր մեր պատերազմական իրավիճակը, այսօրվա մեր հայրենիքը, Արցախի կարգավիճակը․․․ Եվ նստել Բրյուսելում քննադատել, փնովել, դա, իմ կարծիքով, ջուր է լցնում թուրքերի, ադրբեջանցիների ջրաղացին»:





























