Մարտի 25-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գործունեության համադրմանը, ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի նախաձեռնություններին աջակցությանը եւ համատեղ առաջնայնությունների առաջմղմանն առնչվող հարցեր: Նախարարներն անդրադարձել են Աֆղանստանում առկա իրավիճակին` կարեւորելով կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը կարեւորել է միջազգային բեմահարթակում ՀԱՊԿ աճող հեղինակությունը, ինչի վկայությունն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ՀԱՊԿ եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության մասին բանաձեւի ընդունումը, երկու կազմակերպությունների քարտուղարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ հռչակագրի ստորագրումը:

Անդրադառնալով Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման նախագծին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. «Հայաստանն այժմեական եւ կարեւոր է համարում ռուսաստանյան կողմի նախաձեռնությունը, որտեղ ամրագրվում է անվտանգության անբաժանելիության սկզբունքը: Պայմանագրում պետք է ամրագրվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հավասարությունը եւ մեկ սկզբունքի մյուսին ստորադասման բացառումը»:

Նախարարներն ընդունել են մի շարք հայտարարություններ` ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի վերաբերյալ, Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման գործում փոխգործակցության վերաբերյալ, 2010թ. Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ անցկացվելիք խորհրդաժողովի մասին եւ ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի` կազմակերպության դերակատարության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին սատարելու վերաբերյալ: