Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին: Ադրբեջանական «Ազադլիգ» պարբերականը հայտնել է, թե ԱՄՆ-ում Ադրբեջանի ռազմական կցորդ Էլդար Իսմայլովը կարող է նշանակվել պաշտպանության նախարար, իսկ Սաֆար Աբիեւին կուղարկեն թոշակի:

Իսմայլովն ավարտել է Լվովի ռազմական ուսումնարանը, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին՝ բրիգադի հրամանատարի տեղակալի պաշտոնում: Զբաղեցրել է Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն զինվորական դպրոցի ՆԱՏՕ-ի ամբիոնի վարիչի պաշտոնը: Գերազանց տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն լեզուներին:

2006թ. նշանակվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, կադրային փոփոխությունները կապված են ադրբեջանական զինուժը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու բարեփոխումների հետ: