Երեւանում նոր մամուլի ակումբ է բացվել, որի մոդերատորն է արտակարգ եւ լիազոր դեսպան, «Diplomat.am» կայքի ղեկավար Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ ակումբը գործելու է պարբերաբար՝ համատեղ աշխատելով երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ: «Մենք գրանտներ չունենք, մենք գովազդով չենք զբաղվում, ունենք սահմանափակ ֆինանսական հնարավորություններ»,-ընդգծել է Նավասարդյանը:

Ինչպես դեսպանն է ընդգծել, քաղաքականությունում շատ մեծ դեր ունի ազգային դիվանագիտությունը: «Այնտեղ, որտեղ ԱԳՆ-ն ի վիճակի չէ աշխատել, կարող են աշխատել նմանատիպ կազմակերպությունները: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր կայքն ու մամուլի ծառայությունը ամեն ինչ անեն բարձր մասնագիտական մակարդակում: Պայքարելու ենք ամեն տեսակի դիլետանտիզմի դեմ»,-ասել է Նավասարդյանը՝ ընդգծելով, որ այսօրվա դրությամբ մեր դիվանագիտությունը պետք է ավելի ճկուն լինի, քան երկրի արտաքին քաղաքականությունն է: