Հայաստանի «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի կատարողականը տասը բալանոց սանդղակով յոթ-ութ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:

Նա նշեց, որ Հայաստանում զանգվածային լրատվամիջոցները տեղյակ չեն այդ ծրագրից, իշխանությունները հատուկ ջանքեր չեն ներդրել հանրային լայն իրազեկում անելու համար։ Իսկ այդ ծրագրին Հայաստանը միացել է դեռեւս 2011թ նոյեմբերին, մեկ տարի անց էլ ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ վարչապետի հրավերով ընդգրկվել են ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից։  Մասնավորապես՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներից բացի հանձնաժողովի նիստերին մասնակցել են Լեւոն Բարսեղյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  տնօրեն Վարուժան Հոկտանյանը։ Բայց հ/կ-ների ներկայացուցիչների առաջարկները մերժվել են՝ ամենատարբեր պատճառաբանություններով։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը մոնիթորինգ է արել էլեկտրոնային գնումների համակարգում, եւ արդյունքները գոհացուցիչ չեն։

«Համակարգը կա, աշխատում է, բայց բավականին լուրջ խնդիրներ կան, ձեւականորեն, ֆորմալ առումով շատ բաներ կան, բայց ինչպես է աշխատում,դա է խնդիրը»,- նշեց նա։

Բանախոսները ուշադրությունը հրավիրեցին նաեւ այն հանգամանքին, որ իշխանությունը առանձնակի ջանքեր չի գործադրել այս ծրագրի հանրային լայն իրազեկման համար, եւ եթե իսկապես ցանկանոմ է ունենալ բաց կառավարում, դա անհրաժեշտ է։