Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն դիտարկել է Հայաստանի պարտավորություններից երեքի կատարումը «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

ԽԱՊԿ-ի մոնիթորինգը վերաբերում է տեղեկատվության մատչելիությանը, պետական մարմիների պաշտոնական կայքերի բովանդակության ստանդարտիզացմանը, տեղեկատվության ազատության վերաբերյալ պետական պաշտոնյանների գիտելիքների ուսումնասիրությանը։  Տեղեկատվության մատչելիության օրինակ է պաշտոնյաների գույքի հայտարարագրերի թափանցիկության ապահովումը։ «Պետության կողմից ethics.am կայքի ստեղծումը համարվում է մեծ ձեռքբերում, այդտեղ պետք է ներկայացվեն պաշտոնյաների հայտարարագրերը։ Մոնիթորինգը ցույց տվեց, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ավելի քան կեսի  հայտարարագրերը չկան այդ կայքում, ինչը, սակայն օրենքի եւ Հայաստանի վերցրած պարտավորության խախտում է։ Բավական է նշել, որ ընդամենը 42 պատգամավորի հայտարարագիրն էր ներկայացված, 87-ինը չկա, այսօրվա իրավիճակում սա արդյունավետ չէ»,- ասաց Աշոտ Մելիքյանը։ Մյուս խնդիրը, որի վրա նա ուշադրություն դարձրեց, այն է, որ ոչ բոլորն են ներկայացնում  հայտարարագրերը, լուրջ խնդիր է նաեւ դրանց բովանդակությունը, այսինքն՝ որքանով է ներկայացված հայտարարագիրը ստույգ։

Աշոտ Մելիքյանը օրինակներ բերեց տեղեկատվության ստանալու հարցումներից եւ ներկայացրեց, թե ինչպես դրանց մի մասի պատասխանների ժամկետները խախտվում են, ուղարկվում են կիսատ պատասխաններ, հարցումները թողնվում են առանց պատասխանի։

Աշոտ Մելիքյանը շեշտեց, որ անհրաժեշտություն կա բովանդակության առումով լրացնելու պաշտոնական կայքերը։ Կոմիետի արած հետազոտության համաձայն, որի արդյունքները ավելի վաղ ներկայացվել էին, առաջատարը ՏԿՆ-ի կայքն է,  հաջորդը Միգրացիոն ծառայությանն է,ապա արդարադաության նախարարությանը, իսկ վերջից առաջատարներն էին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, միջուկային անվտանգության կոմիտեն է։