Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության նախկին պատգամավոր, հակահայ ելույթներով հայտնի Ջանան Արըթմանը կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայկական արմատների մասին։
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տարիներ առաջ Թուրքիայի նախագահի մոր հայկական արմատների մասին օրակարգում հայտնված CHP-ի այն ժամանակվա պատգամավոր Ջանան Արըթմանը կրկին հայտարարել է, թե ինքը դեռ ուսանող ժամանակներից գիտեր, որ Աբդուլլահ Գյուլի տատը հայ է։
Ջանան Արըթմանը նշել է, թե երբ սովորում էր բժշկական համալսարանում, նյարդաբանության դասաժամին պրոֆ. Ահմեդ Սաթօղլուն պատմել է, որ Աբդուլլահ Գյուլի զարմիկն է եւ իր մայրը, այսինքն՝ Աբդուլլահ Գյուլի տատը հայ է։
Նշենք, որ հիշյալ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության ղեկն ստանձնելուց հետո կուսակցության խորհրդի կազմից հեռացրել էր մեծ թվով ռասիստ կուսակցականների, այդ թվում խիստ հակահայ Ջանան Արըթմանին եւ Օնուր Օյմենին։





























